ՀԱՊԿ գագաթնաժողովի առիթով Հայաստան եկած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»` հայտարարել է նա:
Նախ՝ երբ նման հայտարարություն է անում Լավրովի մակարդակի դիվանագետը, նշանակում է՝ այսբերգը ուզում է մի քիչ ավելի երևալ, քան կա ջրի մակերեսին: Բայց մի քիչ տարօրինակ է, որ տարածաշրջանում «նորմալ տնտեսական համագործակցության» մասին խոսում է ՌԴ ԱԳ նախարարը և այդ համագործակցությունը կապում է հենց Թուրքիայի հետ: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ այդ համագործակցությունը, ավելի պարզ ասած՝ հարևանների հարևանություն անելուն խանգարում է ռուսական շահը, որովհետև Ռուսաստանն ուզում է, որ բոլոր երկրները երկկողմ կապեր ունենան իր հետ, իսկ ինքը կորոշի, թե ինչ անել այդ կապերը: Ռուսական «Գազպրոմի» պայծառ կերպարն է հառնում, երբ էներգետիկ համագործակցության հարց է բացվում՝ Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև, ռուսական շահերն են շոշափվում, երբ Չինաստանն է ուզում իր Մետաքսի մեծ ճանապարհը տարածաշրջանում վերականգնել: Դարձյալ ռուսական շահն է «ոտնահարվում», երբ ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է խորացնել ՆԱՏՕ-ի հետ կապերը: Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են, տարածաշրջանի առաջ ուրիշ խնդիրներ են դրվում, երբ բարելավվում են՝ գրեթե հակառակ: ՈՒ դա կոչվում է «համագործակցություն» տարածաշրջանում:
Եվ երկրորդ՝ երբ Լավրովի մակարդակի դիվանագետը հայտարարում է. «Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, առանց կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», դա նվազագույնը նշանակում է ռուս-թուրքական պայմանավորվածություն Ղարաբաղի հարցում միասնական դիրքորոշում ունենալու մասին: Եվ ոչ միայն Ղարաբաղի, նաև՝ Հայաստանի:
Եվ երրորդ՝ բոլորովին պատահական չէ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում խոսել է այս թեմայով և ասել այն, ինչ Լավրովը երկրորդել է Երևանում՝ Չավուշօղլուն նաև փակագծեր է բացել թուրք-ռուսական քննարկումների մասին. «Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով և մենք աջակցել ենք: Մենք քիչ ջանքեր չենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար: Ինչպես և Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու: Նույնիսկ համաձայնագիր ստորագրեցինք Շվեյցարիայում, բայց դա արդյունք չտվեց: Այսօր Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը առաջադրել են որոշ կառուցողական առաջարկներ: Օրակարգում Ադրբեջանին նվազագույնը օկուպացված հինգ շրջանների վերադարձի հարցն է: Ռուսաստանը կիսվել է այդ առաջարկով, իսկ Թուրքիան աջակցել է: Քննարկել ենք դա և ադրբեջանական կողմի հետ: Եթե այդ քայլերը արվեն, մենք կաջակցենք Ադրբեջանի ցանկացած որոշում: Մենք ուզում ենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում: Եթե այս պրոբլեմը լուծվի, ենթադրում ենք, որ Ադրբեջանն էլ դա կցանկանա: Ինչո՞ւ պիտի Հարավային Կովկասում նման սպառնալիք, նման պրոբլեմ լինի: Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում: Մինսկի խումբը նույնպես պետք է բոլոր ջանքերը գործադրի»:
Այսինքն՝ նույն սխեման է՝ լուծվում է Ղարաբաղի հարցը, լուծվում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, բայց ոչ Լավրովը, ոչ Չավուշօղլուն չեն պատասխանում հիմնական հարցին՝ ինչո՞ւ են բոլոր հարցերը լուծվում հայկական կողմի հաշվին: Դա՞ է «Լավրովի պլանը»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հակառակ նրան, որ ՌԴ մամլո քարտուղարը ասում էր, որ ՀԱՊԿ-ում Ղարաբաղի հարցով հայտարարություն չի լինելու, ՀԱՊԿ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես ուժի և սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում: Այսինքն՝ չի եղել ապրիլյան պատերազմ, ապահովում ենք «շարունակականություն»՝ սա հենց «Լավրովի պլանի» առաջին կետն է, վստահաբար՝ գործը մյուս կետերին չի հասնի: